Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում
  • ո՞վ է գնահատում
  • ի՞նչն են գնահատում
  • ինչպե՞ս են գնահատում

Պատասխան

Ե՞րբ են գնահատում

Գնահատումը շարունակական գործընթաց է, որը իրականացվում է անընդհատ կախված դրա նպատակներից։ Գնահատման նպատակները միտված են բացահայտելու ուսուցման գործընթացի արդյունավետությունը դրա իրականացման համար կիրառվող բովանդակության, մեթոդների, միջոցների, հնարների ամբողջությամբ։ Այսպես ասած` սովորողի վարքի, կարողությունների և հմտությունների, ծանոթ և անծանոթ իրավիճակներում գիտելիքների կիրառման միջոցով գնահատվում է նախ և առաջ ուսումնառության արդյունավետությունը, գործընթացը և որքանով է արդարացված այն ճանապարհը, որն ընտրել ենք։ Այնուհետև գնահատվում է սովորողի աշխատանքը։ Երբ նա գործադրում է ջանքեր և ցանկանում է տեսնել որևէ արդյունք։ Խրախուսական տարբեր միջոցները, այդ թվում թվանշանային գնահատումը սովորաբար իրականացնում ենք, երբ դա կարող է խթանել, ոգևորել, բացահայտել, առաջացնել սեր և հետաքրքրություն։

  • Ո՞վ է գնահատում

Գնահատումը, ոչ միայն նշանային արտահայտություն է, այլ նաև վերաբերմունք, համեմատում, արժևորում, կարծիք․ այսինքն՝ շատ ավելին։ Գնահատում են բոլորն, ովքեր ուղղակի և անուղղակի կապ ունեն գործընթացի հետ․ սովորողները, դասավանդողը, ծնողները, գործընթացին հետևող տարբեր մասնագետներ։

  • Ի՞նչն են գնահատում

Կախված իրավիճակից, նպատակից, օբյեկտից և սուբյեկտից, գնահատումն արվում է տարբեր ասպեկտներով։ Ուսուցման գործընթացում սկզբում գնահատվում է ծրագիրը․բովանդակությունը, մեթոդները, միջոցները, հնարավորությունները։ Բուն պրոցեսում գնահատվում է ընթացքը, փոխադարձ կապը և աշխատանքի արդյունավետության աստիճանը։ Ցանկալի է, որ, որպես իրավունք իրացնող, հիմնական գնահատումն անի հենց սովորողը՝ թե՛ պրոցեսի, թե՛ իր և ուսուցչի աշխատանքի և գրանցած արդյունքների։ Մենք ձգտում ենք հասնել այս գաղափարի տարածմանն ու իրականացմանը։ Բայց, քանի որ սովորաբար սովորողն ինքն է սպասում գնահատականի՝ քանակական կամ ձևավորող, գնահատվում է սովորողի ջանքերը, կարողունակությունները, գիտելիքը, ստացած գիտելիքը ծանոթ և անծանոթ իրավիճակներում կիրառելու հմտությունները, արժեհամակարգը, գիտակցությունը, վարքը, ինքնագնահատման և ինքնիրացման տարբեր դրսևորումներ։

  • Ինչպե՞ս են գնահատում

Կախված գնահատման տեսակից՝ գնահատում են թվանշանների, միավորների, մակարդակների բաժանման, խրախուսող արտահայտությունների, էմոցիաների արտահայտման, հարաբերությունների հաստատման և այլ միջոցներով։

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Գնահատման նպատակը գործընթացի արդյունավետության բացահայտումն է, որին, կարիքից ելնելով, կարող են հաջորդել քայլերի որոշակի փոփոխություններ։ Եթե խոսքը վերաբերում է գործընթացի մասնակիցների գնահատմանը, ապա գնահատել գնահատվողի կարիքներից ելնելով, եթե նա սպասում է դրան և գնահատականը կարող է նրան օգնել, ոգևորել, մոտիվացնել, խրախուսել և ավելացնել սերը աշխատանքի հանդեպ։

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Կարծում եմ՝ կրթության էությունը իրականում հասկանալու և կրելու համար սովորողը տարեցտարի պետք է ձերբազատվի արտաքին գնահատողներից կամ գնահատականներից ունեցած կախվածությունից և մեծացնի ճիշտ ինքնագնահատման հմտությունները։ Կրտսեր դպրոցում դասավանդողի գնահատումն իսկապես շատ մեծ ազդեցություն ունի սովորողի խրախուսման և շարունակական զարգացման ապահովման համար, ավելի մեծ տարիքում այդ նպատակով հետզհետե սովորողն ինքը պետք է պահանջի և գնահատի իրեն մատուցված ծառայության որակը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Հանրապետական կրթական օրակարգում տրված եմ գնահատման գործընթացի գործառույթները․

  1. սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության գնահատումը, ինքնակրթության և ինքնագնահատման, կրթական մի աստիճանից մյուսին անցման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը.
  2. սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը.
  3. դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը.
  4. սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը.
  5. սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը, ինքնաճանաչողության ապահովումը.
  6. մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աճի ապահովումը.
  7. չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը.
  8. հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին.
  9. սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը.
  10. դպրոցի հանդեպ ծնողների, համայնքի, հանրության վստահության ձևավորումն ու ամրապնդումը:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Հանրապետական կրթական օրակարգում տրված եմ գնահատման գործընթացի սկզբունքները։

Գնահատման ներդրվող համակարգը պիտի հիմնվի արդարության, հուսալիության, անկողմնակալության, հավաստիության, հիմնավորվածության, մատչելիության, թափանցիկության սկզբունքների վրա և ապահովի համադրելիությունը միջազգայնորեն ընդունված գնահատման չափանիշներին:

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Նկարագրություն և առանձնահատկություններ

Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX

38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։ 39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։ 40. Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին: 41. Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:

Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Ցանկացած դեպքում գնահատումը ընթանում է անընդհատ՝ անկախ նրանից դա արտահայտելու, բարձրաձայնելու կամ ցույց տալու կարիք կա՞, թե՞ չէ։

1) գիտելիք— Գիտելիքը կգնահատեմ թվանշանով, բառացի, նկարագրություններով՝ սովորաբար գործնական, հետազոտական աշխատանք կատարելիս, բանավոր կամ արտահայտելիս, դասարանական և տնային աշխատանքների, հարցաշարի միջոցով։

2) հմտություն— Հեղինակային մանկավարժությունը հնարավորություն է տալիս հմտությունները բացահայտել նախագծային տարբեր աշխատանքների ընթացքում․ այդ թվում ուսումնական, գործնական, հետազոտական, ճամփորդական և այլն։ Եթե նախագծային աշխատանք է կատարվել, սովորողը կարող է ստեղծել որևէ պրոդուկտ և դրանից եկամուտ ստանալ, աշխատանքը տեղադրում եմ բլոգում, ենթակայքում, դասի ընթացքում բոլորս քննարկում ենք, ծափահարում, համեմատում մյուս աշխատանքների հետ։

3) դիրքորոշում.4) արժեքային բաղադրիչ— դիրքորոշումը գնահատվում է իրավիճակների քննարկման, կարծիքների փոխանակման որևէ երևույթի կամ գաղափարի շուրջ արտահայտած մտքերի և որևէ որոշման գալու արդյունքում։ Դժվար է դիրքորոշում գնահատելը, քանի որ մեր ժամանակները <<ճիշտ>> կամ <<սխալի>> ժամանակներ չեն, ուստի գնահատվում է փաստը․ արդյո՞ք սովորողն ազատ, որոշակի դիրքորոշում ունի, կարող է ձևավորել և հատկապես դրանք արտահայտել ճիշտ իրավիճակում և ժամանակին։ Դրա գնահատումը կարող է լինել արդյունքի քննարկման միջոցով կամ հնարավորությամբ, որ դասի գործընթացի հետ կապված որևէ հարցում ընտրություն կատարվի՝ հաշվի առնելով իրենց դիրքորոշումը։ Արժքեային բաղադրիչը հիմնականում հաշվի առնելով սովորողի վարքը, շփման, փոխհարաբերություններ ձևավորելը, արտահայտվելը, դրսևորվելը․․․ Այն հիմնականում գնահատվում է էմոցիաների արտահայտմամբ, բացատրություններով, զրույցով, վերաբերմունքով։

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Ազատ կարծիքի արտահայտումը, սովորողի կողմից կրթությունը որխես իր իրավունք, դիտարկելը և այն իրացնելու ուղղությամբ իրականացրած քայլերը։ Ավելի նեղ իմաստով, երբ մաթեմատիկայի որևէ թեմայի շուրջ բանավեճ է իրակացվում․ արդյո՞ք ուզում են դա սովորել, որքամո՞վ է օգտակար և ժամանակակից կյանքին պիտանի դա սովորելը, ինչո՞ւ սովորել և ինչպես։ Արժեքային բաղադրիչը(դիրքորոշումը ևս) շատ լայն է, չեմ կարծում, որ դա կապ ունի որևէ կոնկրետ առարկայի հետ։ Միևնույն ժամանակ մաթեմատիկան օգնում է լինել արդար, ռացիոնալ, կոնկրետ, բարդ իրավիճակներում բացահայտում է սովորողների կախվածությունն ու անկախությունը, մեկը մյուսին օգնելու ձգտումը։

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Նորությունն այն է, որ որևէ թիվ չի հանդիսանում անբավարար։ Նախկինում 4-ից ցածր գնահատականը համարվում էր անբավարար և պահանջում էր շտկելու որոշ քայլեր։

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

Իրականում բավականին անհասկանալի է, թե ինչպե՞ս է 4 տարիների ընթացքում թվանշանային գնահատում չստացած երեխան որևէ քննության արդյունքում ստացած որևէ գնահատկան ընդունելու, ինչը արվում է։ Այդ քննությունից սկսած առաջանում է տեսանելի խզվածություն կրտսեր և միջին դպրոցների միջև, այնինչ անհրաժեշտ է, որ այդ անցումը սահուն լինի՝ զերծ արհեստածին լարվածություններից ու սթրեսներից։ Բնութագրերի մեջ ես կավելացնեի տարեցտարի փոփոխությունների պրոգրեսի գնահատումը՝ գիտելիքի, հմտությունների և վարքի։ Նաև, թե աշխատանքի որ մեթոդն է նախորդ ուսուցիչը ավելի արդյունավետ համարում սովորողի հետ աշխատելիս։

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները

  • Անվանումը (վերնագիրը)`
  • Մասնակիցներ՝
  • Իրականացման տևողությունը ՝
  • Նպատակը ՝
  • Խնդիրները `
  • Միջավայրը (նշել իրականացման վայրերը)`
  • Անհրաժեշտ գործիքները՝
  • Կիրառվող մեթոդները՝
  • Նշել համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական գործունեության տեսակները, դրանց նկարագրությունը
  • Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)
  • գրական ստեղծագործությունների ցանկ (թվարկել)
  • երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ 
  • այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…)
  • Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝
  • Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները
  • Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)
  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)
  • Նախագծի, նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

Նախագծի վերջում գնահատվում է սովորողի ներդրած ջանքերը, պատրաստակամությունը, աշխատանքի չափը և իհարկե որակը։

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  • Գնահատման գործընթացի գործառույթները
  • Գնահատման գործընթացի սկզբունքները
  • Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
  • Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
  • Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
  • Սովորողի զարգացման բնութագիր