Արքետիպերի ուսումնասիրությունն ու մանկավարժական գործունեությունս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախախնամությամբ, թե երջանիկ պատահականությամբ համընկան՝ ստեղծելով մեծ հետազոտությունների կիրառական հնարավորություն։

Սույն հոդվածը ներկայացնում է հոգեբան, մարդաբան Կարլ Գուստավ Յունգի (1875-1961) «Արքետիպերի տեսության» արդիական դրսևորումներից մեկը`  «Դրախտային այգու» արքետիպը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կրթական պարտեզ֊ բաց միջավայրում` Սասնալանջում։

Յունգն առաջինն էր, ով նախաձեռնեց անգիտակցականի ոչ միայն կենսաբանական հիմքերի ուսումնասիրությունը, այլ նաև էթնիկական առաձնահատկությունները: Ըստ նրա` մարդը ծնված օրից իր վրա է կրում ամբողջ մարդկության, ինչպես նաև իր ժողովրդի փորձը: Հենց այս երևույթն էլ Յունգն անվանում է կոլեկտիվ անգիտակցական:[1] Նա գտնում էր, որ, ճիշտ է, մարդիկ իրար նման են համամարդկային առանձնահատկություններով, սակայն միևնույն ժամանակ տարբերվում են ազգային որակներով:

Արքետիպերը(լատ, հուն. սկիզբ, ծագում, τύπος` մոդել, տիպ բառերից)[2]  տարբեր ազգերի մոտ գոյություն ունեցող (շատ դեպքերում իրար բավականին նման) մոր, հոր, առասպելաբանական հերոսների, չարի, բարու և տարբեր տարերքներ մարմնավորող ընդհանուր ձևերի մասին մտավոր պատկերացումներն են, նախնիներից մեզ հասած  հիշողության մշակութային «հետքերը»։ Այս է պատճառը, որ գիտնականները արքետիպեր են որոնում առասպելներում, լեգենդներում, հեքիաթներում, արխաիկ պատկերացումներում, քանի որ դրանք, լինելով հնագույն տեքստեր, պարունակում են ներկայի նախկին տիպերը, ինչպես օրինակ բարձրանալու նպատակով մարդիկ հնուց օգտագործել են պարաններ, իսկ այժմ դրանք վերածվել են վերելակների, հեքիաթներում թռչել են առասպելական թռչունների մեջքին նստած, իսկ զարգացած քաղաքակրթության մեջ ունենք ինքնաթիռներ։

Արքետիպերը տարբեր են, չունեն որոշակի քանակ։ Հայկական մշակույթում դրանց թվին են պատկանում Մեծ մոր, Հոր կամ Տիրոջ, Աստվածամանուկի, Հերոսի,  Տիեզերական ծառի, Դրախտային այգու կամ Ոսկե ժամանակների   արքետիպերը։

Դրախտային այգին իր կիրառությունն է գտնում տարբեր ժամանակաշրջանների քաղաքականությունների և ռազմավարությունների կազմակերպման գործում։ Ժամանակային իմաստով այս արքետիպը դրախտային, ոսկի ժամանակներ է ցուցում՝ ոսկեդար, իսկ տարածական իմաստով՝ դրախտի պարտեզ(paradise): Դրախտային ժամանակը, այս արքետիպի ենթատեքստում, չունի ներկա՝ իդեալական է եղել կամ ինչ-որ ժամանակ առաջ, կամ լինելու է ապագայում և այդ իդեալական ժամանակին հասնելու համար պետք է կառուցել, աշխատել, ինչ-որ հարցերում զոհաբերությունների գնալ։ [1]

Դրախտային այգին խորհրդանշվում է լուսաբացով, պայծառ արևով, ծառերով, գետերով, բերրիությամբ։ Այն խորհրդանշում է նաև տիեզերական ներդաշնակություն և այդ ներդաշնակությունն ունի պահապաններ, հերոսներ, որոնք պաշտպանում են այգին քաոս(խառնաշփոթ) առաջացնող ուժերից։  Քննելով հայ միջնադարյան պատկերացումները իդեալական աշխարհի մասին՝ Հ. Պետրոսյանը գրում է. «Իդեալական հայրենիքը ներկայանում է որպես կանոնակարգված միկրոտիեզերք, որպես այգի, որի հիմնական ծառը խաղողի որթն է, հիմնական կառույցը՝ հնձանահարկը, հիմնական արդյունքը՝ գինին։ Իր հողակտորը այգի է պատկերացնում մասնավոր հողագործը, իր գավառը այգի է պատկերացնում նախարարը, իր երկիրը այգի է պատկերացնում թագավորը։ Այգու իդեալական վիճակն այն է, երբ թագավորը(տերը՝ տիրություն անողի, խնամողի իմաստով) բազմում է իր որթի տակ և հետևում կանոնակարգված աշխատանքներին։[2] «Այս թեման իր լիարժեք արտահայտությունն է գտել հայկական պատկերագրության մեջ այգեգաործական կենտրոններից մեկի Միջնադարյան հուշարձանում՝ Ազթամարի Սուրբ Խաչ տաճարի «որթագալարի գոտու» մեջ»։[3] 

Հայկական հեքիաթներում նվիրագործյալ հերոսը պաշտպանում է դրախտային այգին, նա պայքարում է դրախտային ժամանակը վերադարձնելու համար, հաճախ դրա համար պետք է լինում գտնել անհրաժեշտ բացակայող տարրերը և բերել այգի։  Այդպիսի խորհրդանշական տարրեր են   Հազարան բլբուլը, Արքայական խնձորը(խաղողի որթը) և այլն։ Այդպիսի հեքիաթներ են «Հազարան Բլբուլ կամ Ալո -Դինոյի նաղլը»[4], «Քաչլիկը»[5],  «Թագավորին վեպը»[6], «Ավճի շաբուրի տղեն»[7],  «Ղուշ Փարին»[8]։

Դրախտային այգու արքետիպի առանցքում նվիրագործյալ հերոսի որոնումներն ու գործողություններն են հանուն միկրոտիեզերքի խախտված հավասարակշռության վերականգնման կամ պահպանման, և այստեղ է, որ հերոսը հաճախ կրում է մշակութաստեղծ տիտղոսը։[9]

Կրթահամալիրը հայտնի է իր շինարարական ընթացքով՝ մշտական և շարունակական, որը կարելի է ուսումնասիրել կայքի տարբեր բաժիններում։ Հեղինակային մանկավարժության առանձնահատկություններից մեկը, ըստ կրթական համայնքի անդամների, բաց, ազատ, կանաչապատ միջավայրում կազմակերպվող ուսումնական պրոցեսներն են։ Այս մասին բազմաթիվ նյութեր կարող ենք գտնել mskh.am-ի կրթական պարտեզ բաժնում։Բաժնի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն դրախտային այգու արքետիպի արդիական դրսևորման կատարյալ օրինակ է։ Որպես նվիրագործյալ հերոս հանդես է գալիս կրթական համայնքի ողջ կազմը՝ յուրաքանչյուր անդամով․ դպրոցների տնօրեններ՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ, մասնախմբերի ղեկավարներ, մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողական համայնք, որոնք շատ ուշադիր և զգույշ են կրթական պարտեզի էկոլոգիական միջավայրի  պահպանության և պաշտպանության, խնամքի կազմակերպման հարցերում։ 2019 թվականի հոկտեմբերին մամուլի և հասարակության հետաքրքրությունների կենտրոնում «Սեբաստացիական» ակցիաներն էին՝ ուղղված հարակից մանկապարտեզի հետ ճաղավանդակով բաժանվելուն դեմ, որը, ըստ կրթական համայնքի, խախտելու էր սովորողների ազատ տեղաշարժման իրավունքը և ստեղծելու էր մի շարք դժվարություններ կրթական պարտեզում՝ թողնելով նաև մշակութային և հոգեբանական ազդեցություններ։  Սկսվեց «Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնոթյունը, որին կայքում նվիրված է առանձին բաժին։ Կարելի է ասել, որ հարցը չհանգեց վերջնական հանգուցալուծման, իսկ «սեբաստացիներն» այդ ընթացքում մեզ հետաքրքրող «հերոսական պայքարի» մեջ էին՝ «կրթական դրախտի պաշտպանության» համար։ Նոյեմբերին «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով սկսվեցին կրթական պարտեզի մշակույթը տարածող նախաձեռնություններ՝

·   Հանրային քննարկում,

·  «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շահառուներին, հետաքրքրվողներին, լրագրողներին

·    Քողարկված դրախտ և այլն, սակայն այսքանով չէ, որ կավարտվի մեր հետազոտությունը։

Մենք խոսեցինք հայկական մշակույթում դրախտային այգու պատկերացման մասին, որտեղ առանցքում են խաղողի որթը, հնձանը և գինին՝ որպես արքայական կամ աստվածային ըմպելիք։ Վերջին 2 տարիների ընթացքում  կրթահամալիրում  նոր թափով զարգանում է «Խաղողի և գինու դպրոցը», որտեղ  սովորողների անմիջական մասնակցությամբ խմորվում է կրթահամալիրի արտադրությանը պատկանող գինին ։ Այս տարի կրթական պարտեզում տեղ գտավ լայնածավալ խաղողատունկ, որին կհաջորդի բերքահավաքից հետո գինու  ստացումը կրթական այգում աճող խաղողից։ Փաստորեն դրախտային այգու  կոսմոսում պակասող տարրը խաղողի վազն էր և «նվիրագործ հերոսները»  խաղողատունկով ու շարունակվող աշխատանքներով  ամբողջացնում են  ներդաշնակությունը։

Որպես այս հոդվածի թարմ ամփոփում, որն իր շարունակությունը կգտնի հոդվածաշարի հաջորդ շարքերում, նշենք, որ «Բանգլադեշյան պլեների» հունիսյան շրջանում Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը դարբնային տաք զարկ տվեց դրախտային այգու իր տարբերակի՝  «Սասնալանջի կամ Մհերի դռան» ստեղծմանը, իսկ թե որքա՜ն շատ են արթնացող, արդիականացող արքետիպերն այստեղ՝ «Սասնա ծռերի» կերպարներով, երգ-երաժշտության ուղեկցությամբ, տոնածիսական նախագծերով ու նախաձեռնություններով, կքննենք հաջորդիվ։

Հեղինակ՝  Հասմիկ Իսրայելյան

Հյուսիսային-Գեղարվեստի դպրոց-պարտեզ

Աղբյուրներ՝ 

mskh.am«»

[1] Юнг К., Душа и миф. Шесть архетипов, с․ 6-9․

[2] Liddell H. G., Scott R., Jones H. S., Mc Kenzie R., A Greek and English Lexicon, London, 1940.  

[3] Юнг К., Душа и миф. Шесть архетипов, с. 52.

[4] Պետրոսյան Հ․, Էթնատարածքի միջնադարյան  ընկալումները և նրա մերօրյա արձագանքները․ հայրենիքը և Թորգոմյան տունը, Երևան, 1993, էջ 14:

[5] Պետրոսյան Հ․,  Հայ միջնադարյան պատկերացումները իդեալական կենսատարածքի և կենսընթացի մասին․ աշխարհը որպես այգի, Վիեննա-Երևան, 2002,  էջ 424:

[6] ՀԺՀ, հ․ I, էջ 27-48:

[7] ՀԺՀ, հ․ X, Երևան, 1967, էջ 107-116:

[8] ՀԺՀ, հ․ VI, էջ 628-632:

[9] Հայրապետյան Թ., Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ, Երևան 2016, էջ 8:

[9] ՀԺՀ, հ․ IV, էջ 30-35:

[10] ՀԺՀ, հ․ I, էջ 51-60:

[11] ՀԺՀ, հ․VII, էջ 442-446:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s