«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել են Քանդակագործության և ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի նախապատրաստական աշխատանքները։ Փառատոնի շրջանակներում էլ իրականացրինք այն սովորական, արվեստոտ ճամփորդությունը, որի  մասին է այս պատումը։

Մայիսի 26-ին կրթահամալիրից, նստոտելով Հազարան հավքի թևերին, ճամփա ընկանք։ Յոթ սարից, յոթ ծովից անդին Հավքը ձորերի մեջ մեզ թողեց Արատեսի հեքիաթում, ինքը թռավ, կորավ ու, էլ ոնց կանչեցինք, փնտրեցինք, չգտանք։

Դե, արդեն ծանոթացել էինք՝ ես էի, Դանիելն էր, Տիգրանը, Գայանեն, Նարեկը, Էլեոնորան, Սոնան, Արեգը, Սուսաննան, վարպետ Մուշեղն ու վարպետ Գրիգորը, ընկեր Ալիսան և Ալիսա կրտսերը՝ հրաշքների աշխարհից։ Շուտով հանդիպեցինք ձորերի պահապան պարոն Տարոնին, մոտեցանք, հարցրինք՝ Հավքին ո՞նց գտնենք, նա էլ թե՝  մի՛ խանգարեք, գործ ենք անում․ ճամփա եք եկել, դեռ մի գնացե՛ք, դինջացե՛ք, հա՛ց կերեք․․․

Դեռ նոր էինք սուփրան փռել, Վիգեն Ավետիսի դպրոցի հրաշագործներն էլ կախարդական աշխատանքներն էին դասավորում, երբ պարոն Տարոնի մուրճի հարվածով փերիների ճոճ հայտնվեց, մեր փերիներն էլ՝ ճոճի վրա։

Հիմա կասեք՝ լավ, դո՞ւ ինչ գործ ունեիր այդ հեքիաթում։ Փերիներն էլ էդպես հարցրին։ Ասեմ։ Իմաստունն ինձ հուշել էր, որ տարածքում հին ժամանակներից մեզ հասած տաճար կա, որտեղ գանձ է թաքնված ու սպասում է գտնողին, ես էլ գնացի գանձը որոնելու։ Էսպես էլ հավաքվեցինք ու գնացինք գանձն ու Հավքին որոնելու։ Շատ գնացինք, թե քիչ, հասանք Եղեգիս գետի Արատես վտակին։ Գետի ափին նստած պատմեցինք մեր պատմությունները, գետն էլ սկսեց երգել մեր որոնման մասին։ Ասաց՝ այդ ոսկին ուրիշ իմաստուն ճամփորդներ էլ են փնտրել հեռավոր Ֆլորենցիայից եկած որոնողների հետ․ պեղել են, հետազոտել ու գրել են այդ ամենի մասին և ասել, որ էլի են գալու։ Մին աջ գնացեք, մին՝ ձախ, երբ երգս չլսվի, կգտնեք, իսկ Հավքը շատ բարձր է թռչում, նրան պետք է կանչել բարձունքից։

Գնացինք, գտանք հյուսիսը, գեղարվեստի պուրակը, սիրո տունն ու պանդոկը, մեկ էլ երգի ձայնը չլսվեց, ու տեսանք ոսկու տաճարը՝ Արատեսի վանքը։ Մոտեցանք, սկսեցինք ուսումնասիրել։ Հնագույն տեքստերի մեջ, որ գրված էին խաչքարերին, տապանաքարերին, հավատի տաճարի քանդված ու խառնված պատերին, գաղտնաբառերը վերականգնելը դժվար էր, դրանք գրված էին գրաբարով, հազարավոր անցորդների ոտնատակ մնալով, մաշվել էին, կոտրվել, բաժանվել։ Փոխարենը Սոնա անունով փերին, որ երազում է հեռավոր Ճապոնիայում անիմատորների թագուհի դառնալ, հարցրեց՝ ինչու օտար աշխարհներից եկող մարդկանց հանգստին հարմար վայրեր չկան։ Հենց այդ պահին էլ ոսկու բանալին գտավ՝ հենց շատ աշխատի ու հանգստի վայրեր սարքի, ոսկին կհանի։ Այս գանձապահ տաճարի մասին դեռ երկար կկարդանք։

 Վիգեն Ավետիսի  դպրոցի հրաշագործները մեզ հուշեցին, որ Հավքին կանչելու մի եղանակ են գտել՝ պատկերել նրա մոգական կերպարը քանդակներով ու նկարներով։ Դրախտային այգում արվեստն սկսեց կանչել Հավքին։

Արվեստի կանչը լսեք սեղմելով այս բանալի հղումը։

Լիալուսնի գիշեր իջավ դրախտային այգում, փերիներն ու դյուցազունները երգում-պարում էին, երբ Արեգն իր արևի լույսով նկատեց պտտվող Հավքին, բայց հավքը թռավ՝ ցույց տալով վեր ու վեր խոյացող բարձունքը։ Իսկ մենք լսում էինք լիալուսնի մեղեդին։

Առավոտյան ծեգին՝ արևի առաջին շողերի հետ, դրախտային այգու պահապան պարոն Տարոնին հրաժեշտ տվեցինք ու Հավքի փայլփլուն հետքերով բռնեցինք բարձունքի ուղին։

Շատ գնացինք, թե քիչ, Աստված գիտի, հասանք Արտաբույնքի թագավորություն։ Մի իմաստուն ծերուկ, նստած ճամփաբաժանին, ճանապարհ էր ցույց տալիս։ Հարցրինք Հավքի մասին, ասաց՝ հավատաս՝ կտեսնես, համբերես՝ կլսես, սիրես՝ կունենաս։ Վերում թռչում է, վարից փախչում է, ազատ է, անկախ է,  կորցրիր՝ կկորես։

Հանելուկը գուշակեցինք, իմաստունն ասաց՝ «Սմբատաբերդի բարձունք» ու ցույց տվեց հեռվից երևացող ամրոցը։(Պատմությունը՝ հղումով)

Յոթ օր, յոթ գիշեր բարձրացանք, և ոչ ոք կանգ չառավ։ Բարձունքի ճամփին ծանոթ ճամփորդների հանդիպեցինք, որ էլի Հավքի ետևից եկել էին Սմբատաբերդ։ Հաղթահարեցինք, բարձրացանք ու ամրոցի դռները բացելով՝ կամարներից  ներս անցանք։ Սմբատաբերդի բարձունքից բացվեց  դրախտային այգու ամբողջական համայնապատկերը, հեռվում շա՜տ հեռվում երևաց Հազարան Հավքը՝ եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սլացքով բացված թևերին գրված ՝ ՀՀ Մայիսի 28… Հազարան Հավքի թևով էլ վերադարձանք։

Հասմիկ Իսրայելյան

Խմբագրումը՝ Արևիկ Ներսիսյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s