Գուրգեն Խանջյանի Գիր-ղուշ ստեղծագործությունն էր աչքովս ընկել դպրոցական տարիքում, որն ինձ դուր էր եկել, հետո լսեցի քննադատների միտքը, թե նրա ստեղծագործությունները ունեն համակարգային միասնություն, ինչն այն ժամանակ ինձ շատ բան չէր ասում, բայց ընդունվում էր։ Մի օր էլ Խանջյանը հաղորդման հյուր էր, որտեղ կոշտ քննադատություն հնչեցրեց <<հեղափոխությունների>> մասին, ինչն ինձ դուր չեկավ։ Ոգեշնչված Չարենցի մեծությամբ՝ երեխայական մի ընդվզում առաջացավ մեջս, և ես երկար ժամանակ չէի կարդում նրա ստեղծագործությունները։

Ուսանողական տարիներին, երբ սկսեցի կարդալ այլ ստեղծագործություններ, Խանջյանը հակասական առեղծվածներ ուներ ընթերցողիս աչքում, ինչը հետագայում ավելի ամրապնդվեց։ Մարդ, որը քաղաքակրթական նվաճում է համարում Քրիստոսին, լսում է ռոք, սիրում է ջազ, դատափետում է <<հեղափոխություն>> երևույթը, գրող, որի ստեղծագործությունները գրվել են հեղափոխական հնարքներով, խոսում են տաբուների մասին և արդիական են, միաժամանակ պահպանողականության գովերգ ունեն իրենց մեջ․․․ Այս հակասություններն էին, որ ինձ համար մտածելու լայն տարածություն էին բացում, և թերթելով նրա պատմվածքները, ես վայելում էի փիլիսոփայության համը։

Ինձ դուր է գալիս այն նրբությունն ու պարզությունը, որն առկա է Խանջյանի գրչում և հատկապես գրվածքների առանցքում կանգնած այն սովորական <<մարդը>>, որն իր մեջ կրելով վերագրվող բնականը, գերբնականը, հանճարեղը, պարզունակը, վայրենին ու մշակութայինը, ամեն-ամենը, ինչ կա և չկա աշխարհում, քայլում է ընթերցողի կողքին՝ բաց և ազատ, առանց ավելորդ կաշկանդումների։

Հետաքրքիր է, որ այդքան վերացականության, կոնտեքստային ենթաշերտերի մեջ նրա ստեղծած կերպարներն ու գաղափարները չեն ձգտում երևալ ավելին, քան կան։ Շատ սիրուն են այն քայլքն ու թռիչքները, հայացքները հեռվից և մոտիկից, քննությունները, որոնք զուրկ են թունոտ սարկազմից ու մեծամտությունից, բարձրագոչումներից ու շատ գրողների հատուկ <<մուննաթից>>։ Սա է, որ հատկապես ինձ, որպես ընթերցողի, անհամաձայնությունների հետ մեկտեղ, թույլ տվեց ընկերանալ <<գրող Խանջյանի>> հետ, բացել նրա աշխատանքներն ու կարդալ՝ առանց նախապես պլանավորման, տրամադրման, պարզապես, երբ ուզում եմ ցրվել, երբ ավարտվել է պատերազմը կամ ընթանում է, երբ սև իրականությանն ուզում եմ հեռվի լույսով նայել կամ լույսի ու գույների մեջ <<չխենթանալ>> այնքան, որ մոռանամ գիշերվա մթի մասին, երբ պետք է ընդունել, որ մեր իրականությունն ամեն ինչն է, որից հեռու <<ավելի ամեն ինչ>> կա և այդ դրսից դիտումն է թույլ տալու չսարսափել նեղության մեջ՝ նեղմիտ չմնալով։

Իսկապես՝ կարող եմ ասել, որ սիրում եմ Խանջյանի ստեղծագործությունները, որովհետև դրանք թույլ են տալիս իրենց հետ հաղորդակցվել և ընկերանալ՝ առանց սիրահարվելու ու երկրպագումների պարտադրանքի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s