Խանջյանի գործերն ու ես ընկերացանք

Գուրգեն Խանջյանի Գիր-ղուշ ստեղծագործությունն էր աչքովս ընկել դպրոցական տարիքում, որն ինձ դուր էր եկել, հետո լսեցի քննադատների միտքը, թե նրա ստեղծագործությունները ունեն համակարգային միասնություն, ինչն այն ժամանակ ինձ շատ բան չէր ասում, բայց ընդունվում էր։ Մի օր էլ Խանջյանը հաղորդման հյուր էր, որտեղ կոշտ քննադատություն հնչեցրեց <<հեղափոխությունների>> մասին, ինչն ինձ դուր չեկավ։ Ոգեշնչված Չարենցի մեծությամբ՝ երեխայական մի ընդվզում առաջացավ մեջս, և ես երկար ժամանակ չէի կարդում նրա ստեղծագործությունները։

Ուսանողական տարիներին, երբ սկսեցի կարդալ այլ ստեղծագործություններ, Խանջյանը հակասական առեղծվածներ ուներ ընթերցողիս աչքում, ինչը հետագայում ավելի ամրապնդվեց։ Մարդ, որը քաղաքակրթական նվաճում է համարում Քրիստոսին, լսում է ռոք, սիրում է ջազ, դատափետում է <<հեղափոխություն>> երևույթը, գրող, որի ստեղծագործությունները գրվել են հեղափոխական հնարքներով, խոսում են տաբուների մասին և արդիական են, միաժամանակ պահպանողականության գովերգ ունեն իրենց մեջ․․․ Այս հակասություններն էին, որ ինձ համար մտածելու լայն տարածություն էին բացում, և թերթելով նրա պատմվածքները, ես վայելում էի փիլիսոփայության համը։

Ինձ դուր է գալիս այն նրբությունն ու պարզությունը, որն առկա է Խանջյանի գրչում և հատկապես գրվածքների առանցքում կանգնած այն սովորական <<մարդը>>, որն իր մեջ կրելով վերագրվող բնականը, գերբնականը, հանճարեղը, պարզունակը, վայրենին ու մշակութայինը, ամեն-ամենը, ինչ կա և չկա աշխարհում, քայլում է ընթերցողի կողքին՝ բաց և ազատ, առանց ավելորդ կաշկանդումների։

Հետաքրքիր է, որ այդքան վերացականության, կոնտեքստային ենթաշերտերի մեջ նրա ստեղծած կերպարներն ու գաղափարները չեն ձգտում երևալ ավելին, քան կան։ Շատ սիրուն են այն քայլքն ու թռիչքները, հայացքները հեռվից և մոտիկից, քննությունները, որոնք զուրկ են թունոտ սարկազմից ու մեծամտությունից, բարձրագոչումներից ու շատ գրողների հատուկ <<մուննաթից>>։ Սա է, որ հատկապես ինձ, որպես ընթերցողի, անհամաձայնությունների հետ մեկտեղ, թույլ տվեց ընկերանալ <<գրող Խանջյանի>> հետ, բացել նրա աշխատանքներն ու կարդալ՝ առանց նախապես պլանավորման, տրամադրման, պարզապես, երբ ուզում եմ ցրվել, երբ ավարտվել է պատերազմը կամ ընթանում է, երբ սև իրականությանն ուզում եմ հեռվի լույսով նայել կամ լույսի ու գույների մեջ <<չխենթանալ>> այնքան, որ մոռանամ գիշերվա մթի մասին, երբ պետք է ընդունել, որ մեր իրականությունն ամեն ինչն է, որից հեռու <<ավելի ամեն ինչ>> կա և այդ դրսից դիտումն է թույլ տալու չսարսափել նեղության մեջ՝ նեղմիտ չմնալով։

Իսկապես՝ կարող եմ ասել, որ սիրում եմ Խանջյանի ստեղծագործությունները, որովհետև դրանք թույլ են տալիս իրենց հետ հաղորդակցվել և ընկերանալ՝ առանց սիրահարվելու ու երկրպագումների պարտադրանքի։

Պատում Հազարան ճամփի մասին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել են Քանդակագործության և ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի նախապատրաստական աշխատանքները։ Փառատոնի շրջանակներում էլ իրականացրինք այն սովորական, արվեստոտ ճամփորդությունը, որի  մասին է այս պատումը։

Մայիսի 26-ին կրթահամալիրից, նստոտելով Հազարան հավքի թևերին, ճամփա ընկանք։ Յոթ սարից, յոթ ծովից անդին Հավքը ձորերի մեջ մեզ թողեց Արատեսի հեքիաթում, ինքը թռավ, կորավ ու, էլ ոնց կանչեցինք, փնտրեցինք, չգտանք։

Դե, արդեն ծանոթացել էինք՝ ես էի, Դանիելն էր, Տիգրանը, Գայանեն, Նարեկը, Էլեոնորան, Սոնան, Արեգը, Սուսաննան, վարպետ Մուշեղն ու վարպետ Գրիգորը, ընկեր Ալիսան և Ալիսա կրտսերը՝ հրաշքների աշխարհից։ Շուտով հանդիպեցինք ձորերի պահապան պարոն Տարոնին, մոտեցանք, հարցրինք՝ Հավքին ո՞նց գտնենք, նա էլ թե՝  մի՛ խանգարեք, գործ ենք անում․ ճամփա եք եկել, դեռ մի գնացե՛ք, դինջացե՛ք, հա՛ց կերեք․․․

Դեռ նոր էինք սուփրան փռել, Վիգեն Ավետիսի դպրոցի հրաշագործներն էլ կախարդական աշխատանքներն էին դասավորում, երբ պարոն Տարոնի մուրճի հարվածով փերիների ճոճ հայտնվեց, մեր փերիներն էլ՝ ճոճի վրա։

Հիմա կասեք՝ լավ, դո՞ւ ինչ գործ ունեիր այդ հեքիաթում։ Փերիներն էլ էդպես հարցրին։ Ասեմ։ Իմաստունն ինձ հուշել էր, որ տարածքում հին ժամանակներից մեզ հասած տաճար կա, որտեղ գանձ է թաքնված ու սպասում է գտնողին, ես էլ գնացի գանձը որոնելու։ Էսպես էլ հավաքվեցինք ու գնացինք գանձն ու Հավքին որոնելու։ Շատ գնացինք, թե քիչ, հասանք Եղեգիս գետի Արատես վտակին։ Գետի ափին նստած պատմեցինք մեր պատմությունները, գետն էլ սկսեց երգել մեր որոնման մասին։ Ասաց՝ այդ ոսկին ուրիշ իմաստուն ճամփորդներ էլ են փնտրել հեռավոր Ֆլորենցիայից եկած որոնողների հետ․ պեղել են, հետազոտել ու գրել են այդ ամենի մասին և ասել, որ էլի են գալու։ Մին աջ գնացեք, մին՝ ձախ, երբ երգս չլսվի, կգտնեք, իսկ Հավքը շատ բարձր է թռչում, նրան պետք է կանչել բարձունքից։

Գնացինք, գտանք հյուսիսը, գեղարվեստի պուրակը, սիրո տունն ու պանդոկը, մեկ էլ երգի ձայնը չլսվեց, ու տեսանք ոսկու տաճարը՝ Արատեսի վանքը։ Մոտեցանք, սկսեցինք ուսումնասիրել։ Հնագույն տեքստերի մեջ, որ գրված էին խաչքարերին, տապանաքարերին, հավատի տաճարի քանդված ու խառնված պատերին, գաղտնաբառերը վերականգնելը դժվար էր, դրանք գրված էին գրաբարով, հազարավոր անցորդների ոտնատակ մնալով, մաշվել էին, կոտրվել, բաժանվել։ Փոխարենը Սոնա անունով փերին, որ երազում է հեռավոր Ճապոնիայում անիմատորների թագուհի դառնալ, հարցրեց՝ ինչու օտար աշխարհներից եկող մարդկանց հանգստին հարմար վայրեր չկան։ Հենց այդ պահին էլ ոսկու բանալին գտավ՝ հենց շատ աշխատի ու հանգստի վայրեր սարքի, ոսկին կհանի։ Այս գանձապահ տաճարի մասին դեռ երկար կկարդանք։

 Վիգեն Ավետիսի  դպրոցի հրաշագործները մեզ հուշեցին, որ Հավքին կանչելու մի եղանակ են գտել՝ պատկերել նրա մոգական կերպարը քանդակներով ու նկարներով։ Դրախտային այգում արվեստն սկսեց կանչել Հավքին։

Արվեստի կանչը լսեք սեղմելով այս բանալի հղումը։

Լիալուսնի գիշեր իջավ դրախտային այգում, փերիներն ու դյուցազունները երգում-պարում էին, երբ Արեգն իր արևի լույսով նկատեց պտտվող Հավքին, բայց հավքը թռավ՝ ցույց տալով վեր ու վեր խոյացող բարձունքը։ Իսկ մենք լսում էինք լիալուսնի մեղեդին։

Առավոտյան ծեգին՝ արևի առաջին շողերի հետ, դրախտային այգու պահապան պարոն Տարոնին հրաժեշտ տվեցինք ու Հավքի փայլփլուն հետքերով բռնեցինք բարձունքի ուղին։

Շատ գնացինք, թե քիչ, Աստված գիտի, հասանք Արտաբույնքի թագավորություն։ Մի իմաստուն ծերուկ, նստած ճամփաբաժանին, ճանապարհ էր ցույց տալիս։ Հարցրինք Հավքի մասին, ասաց՝ հավատաս՝ կտեսնես, համբերես՝ կլսես, սիրես՝ կունենաս։ Վերում թռչում է, վարից փախչում է, ազատ է, անկախ է,  կորցրիր՝ կկորես։

Հանելուկը գուշակեցինք, իմաստունն ասաց՝ «Սմբատաբերդի բարձունք» ու ցույց տվեց հեռվից երևացող ամրոցը։(Պատմությունը՝ հղումով)

Յոթ օր, յոթ գիշեր բարձրացանք, և ոչ ոք կանգ չառավ։ Բարձունքի ճամփին ծանոթ ճամփորդների հանդիպեցինք, որ էլի Հավքի ետևից եկել էին Սմբատաբերդ։ Հաղթահարեցինք, բարձրացանք ու ամրոցի դռները բացելով՝ կամարներից  ներս անցանք։ Սմբատաբերդի բարձունքից բացվեց  դրախտային այգու ամբողջական համայնապատկերը, հեռվում շա՜տ հեռվում երևաց Հազարան Հավքը՝ եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սլացքով բացված թևերին գրված ՝ ՀՀ Մայիսի 28… Հազարան Հավքի թևով էլ վերադարձանք։

Հասմիկ Իսրայելյան

Խմբագրումը՝ Արևիկ Ներսիսյանի

10 մլն. ծառ ծրագրին միացան Սեբաստացիները

Ապրիլի 25֊ը մեր պետության համար այս տարի կարևորվեց «Քաղաքացու օրվա» և «Երկրի օրվա» նշումով «1000000 ծառ» պետական ծրագրով համապետական ծառատունկի իրականացմամբ; «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համար նման գործունեությունն անընդհատ․ ծառատունկ, կանաչ տարածք, բնական միջավայրի բարեկարգում, խնամք, հոգատարություն բնության հանդեպ․․․ այնպես մշտական, այնքան շարունակական, ասես՝ ամենօրյա ծես։ Բնական է, որ համապետական ծառատունկի տոնին միանալու հնարավորությունը բաց չթողեցինք։

Խաղողի և գինու դպրոցի ղեկավար Արտակ Ռշտունին(գեղեցիկ ընտանիքի և ընկերների հետ միասին) հրավիրեց տոնական «արարողությանը»։

Կանչն ընդունոցին Լիլիթ Յախինյանն ու Սամվել Թամազյանը Ավագ դպրոցի սովորողների` Առաքել Գրիգորյանի, Սերգեյ Մինասյան, Արմեն Ստեփանյան, Ինեսա Գափոյան, Մարիամ Մնացականյան, Միլենա Մադոյան, Մարինա Ղազանչյան պատրաստակամությամբ։

Դե ուրախ տրամադրությունն էլ ո՞վ ապահովեր, եթե ոչ Նելի Փիլոյանը։

Իրադարձության լուսաբանման առաջարկն էլ անսպասելի ուրախությամբ ընդունեցինք ես` Հասմիկ Իսրայելյանը և Մարիաննա Գևորգյանը։ Գնացինք…

Ճանապարհը գեղեցիկ էր, ոգևորված, ուրախ` բարիքի ստեղծման ակնկալիքով, հրճվանքով։ Ընկեր Արտակը ներկայացրեց օրակարգը, ծրագիրը։ Տաք, արևոտ եղանակ, հետաքրքիր պատմություններ, կանգառ սառն աղբյուրի մոտ և շուտով Բյուրականում ենք։


Արագածոտնի մարզի անտառապետ ընկեր Մարատը մեզ դիմավորեց և տրամադրեց կաղնու, խնձորենու տնկիները։ Բյուրականում տնկվելու էր 10000000 ծառից 30000֊ը։ Սեբաստացիներն անցան գործի։

Նելի Փիլոյանն իր կախարդական կիթառով այնպիսի ուրախություն փոխանցեց, որ տնկիների խրձերն աննկատ մաշվեցին մեր ձեռքում. երգ ու պարով, հույս֊ուրախությամբ լցրեցին դաշտը։

Շուտով աշխատանքին միացան հարյուրավոր մարդիկ ՀՀԱԻՆ աշխատակիցներ, բնակիչներ, կազմակերպությունների անդամներ; Ընկեր Արտակին առաջարկեցի փոքրիկ շրջագայություն անել; Մեզանից քիչ հեռու աշխատող խմբերի այցելեցինք, մի քիչ զրույցի ու ծանոթության մեջ ի՞նչ վատ բան կա, եթե ոչ միայն լավը; Արի ու տես, որ բնակիչները այնքան էլ չոգևորվեցին մեր զրույցի հրավերից, փոխարենը մեր թափառումը համագործակցության լավ հնարավորությքւն ընձեռեց. ծանոթացանք «Մերգելյան գործարանի» աշխատակիցների հետ։ Զրուցեցինք, պատմեցինք, լսեցինք, առաջարկեցինք և համաձայնեցինք շուտով հյուրընկալվել Մերգելյան գործրանում` նախագծային խմբով և հյուրընկալել գործարանի սովորողներին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ինչ խոսք. բեղմնավոր շրջագայություն ստացվեց։

Դե ինչ։ Աշխատանքն ավարտեցինք։ Իսկ ի՞նչ էր մնում, եթե ոչ աշխատող մարդկանց արդար քաղցը բավարարելը, լուսանկարվելը` բնության վայելքով, Սամվելի պատմություններով, Լիլիթի կատակով, Նելի Փիլոյանի կախարդական գործիքով։

Կենացներն ինչքան շատանում, այնքան քաղցրանում են, մենք որոշեցինք կիսաքաղցր թողնել` հաջորդ տոնական ծառատունկով հանդիպման համար։ Մի ծառատունկ էլ Բյուրականում ու տպավորիչ վերադարձ դեպի Երևան։ Այսքան կենսատու տոները թող շատանան, շատանան, մինչև ամբողջ Հայաստանը դրանք դարձնի առօրեական։ Երևի կհանդիպենք հաջորդ ծառատունկին։

Դրախտային այգու արքետիպ․ արդի դրսևորումներ Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրում-Սասնալանջ

Արքետիպերի ուսումնասիրությունն ու մանկավարժական գործունեությունս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախախնամությամբ, թե երջանիկ պատահականությամբ համընկան՝ ստեղծելով մեծ հետազոտությունների կիրառական հնարավորություն։

Սույն հոդվածը ներկայացնում է հոգեբան, մարդաբան Կարլ Գուստավ Յունգի (1875-1961) «Արքետիպերի տեսության» արդիական դրսևորումներից մեկը`  «Դրախտային այգու» արքետիպը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կրթական պարտեզ֊ բաց միջավայրում` Սասնալանջում։

Յունգն առաջինն էր, ով նախաձեռնեց անգիտակցականի ոչ միայն կենսաբանական հիմքերի ուսումնասիրությունը, այլ նաև էթնիկական առաձնահատկությունները: Ըստ նրա` մարդը ծնված օրից իր վրա է կրում ամբողջ մարդկության, ինչպես նաև իր ժողովրդի փորձը: Հենց այս երևույթն էլ Յունգն անվանում է կոլեկտիվ անգիտակցական:[1] Նա գտնում էր, որ, ճիշտ է, մարդիկ իրար նման են համամարդկային առանձնահատկություններով, սակայն միևնույն ժամանակ տարբերվում են ազգային որակներով:

Արքետիպերը(լատ, հուն. սկիզբ, ծագում, τύπος` մոդել, տիպ բառերից)[2]  տարբեր ազգերի մոտ գոյություն ունեցող (շատ դեպքերում իրար բավականին նման) մոր, հոր, առասպելաբանական հերոսների, չարի, բարու և տարբեր տարերքներ մարմնավորող ընդհանուր ձևերի մասին մտավոր պատկերացումներն են, նախնիներից մեզ հասած  հիշողության մշակութային «հետքերը»։ Այս է պատճառը, որ գիտնականները արքետիպեր են որոնում առասպելներում, լեգենդներում, հեքիաթներում, արխաիկ պատկերացումներում, քանի որ դրանք, լինելով հնագույն տեքստեր, պարունակում են ներկայի նախկին տիպերը, ինչպես օրինակ բարձրանալու նպատակով մարդիկ հնուց օգտագործել են պարաններ, իսկ այժմ դրանք վերածվել են վերելակների, հեքիաթներում թռչել են առասպելական թռչունների մեջքին նստած, իսկ զարգացած քաղաքակրթության մեջ ունենք ինքնաթիռներ։

Արքետիպերը տարբեր են, չունեն որոշակի քանակ։ Հայկական մշակույթում դրանց թվին են պատկանում Մեծ մոր, Հոր կամ Տիրոջ, Աստվածամանուկի, Հերոսի,  Տիեզերական ծառի, Դրախտային այգու կամ Ոսկե ժամանակների   արքետիպերը։

Դրախտային այգին իր կիրառությունն է գտնում տարբեր ժամանակաշրջանների քաղաքականությունների և ռազմավարությունների կազմակերպման գործում։ Ժամանակային իմաստով այս արքետիպը դրախտային, ոսկի ժամանակներ է ցուցում՝ ոսկեդար, իսկ տարածական իմաստով՝ դրախտի պարտեզ(paradise): Դրախտային ժամանակը, այս արքետիպի ենթատեքստում, չունի ներկա՝ իդեալական է եղել կամ ինչ-որ ժամանակ առաջ, կամ լինելու է ապագայում և այդ իդեալական ժամանակին հասնելու համար պետք է կառուցել, աշխատել, ինչ-որ հարցերում զոհաբերությունների գնալ։ [1]

Դրախտային այգին խորհրդանշվում է լուսաբացով, պայծառ արևով, ծառերով, գետերով, բերրիությամբ։ Այն խորհրդանշում է նաև տիեզերական ներդաշնակություն և այդ ներդաշնակությունն ունի պահապաններ, հերոսներ, որոնք պաշտպանում են այգին քաոս(խառնաշփոթ) առաջացնող ուժերից։  Քննելով հայ միջնադարյան պատկերացումները իդեալական աշխարհի մասին՝ Հ. Պետրոսյանը գրում է. «Իդեալական հայրենիքը ներկայանում է որպես կանոնակարգված միկրոտիեզերք, որպես այգի, որի հիմնական ծառը խաղողի որթն է, հիմնական կառույցը՝ հնձանահարկը, հիմնական արդյունքը՝ գինին։ Իր հողակտորը այգի է պատկերացնում մասնավոր հողագործը, իր գավառը այգի է պատկերացնում նախարարը, իր երկիրը այգի է պատկերացնում թագավորը։ Այգու իդեալական վիճակն այն է, երբ թագավորը(տերը՝ տիրություն անողի, խնամողի իմաստով) բազմում է իր որթի տակ և հետևում կանոնակարգված աշխատանքներին։[2] «Այս թեման իր լիարժեք արտահայտությունն է գտել հայկական պատկերագրության մեջ այգեգաործական կենտրոններից մեկի Միջնադարյան հուշարձանում՝ Ազթամարի Սուրբ Խաչ տաճարի «որթագալարի գոտու» մեջ»։[3] 

Հայկական հեքիաթներում նվիրագործյալ հերոսը պաշտպանում է դրախտային այգին, նա պայքարում է դրախտային ժամանակը վերադարձնելու համար, հաճախ դրա համար պետք է լինում գտնել անհրաժեշտ բացակայող տարրերը և բերել այգի։  Այդպիսի խորհրդանշական տարրեր են   Հազարան բլբուլը, Արքայական խնձորը(խաղողի որթը) և այլն։ Այդպիսի հեքիաթներ են «Հազարան Բլբուլ կամ Ալո -Դինոյի նաղլը»[4], «Քաչլիկը»[5],  «Թագավորին վեպը»[6], «Ավճի շաբուրի տղեն»[7],  «Ղուշ Փարին»[8]։

Դրախտային այգու արքետիպի առանցքում նվիրագործյալ հերոսի որոնումներն ու գործողություններն են հանուն միկրոտիեզերքի խախտված հավասարակշռության վերականգնման կամ պահպանման, և այստեղ է, որ հերոսը հաճախ կրում է մշակութաստեղծ տիտղոսը։[9]

Կրթահամալիրը հայտնի է իր շինարարական ընթացքով՝ մշտական և շարունակական, որը կարելի է ուսումնասիրել կայքի տարբեր բաժիններում։ Հեղինակային մանկավարժության առանձնահատկություններից մեկը, ըստ կրթական համայնքի անդամների, բաց, ազատ, կանաչապատ միջավայրում կազմակերպվող ուսումնական պրոցեսներն են։ Այս մասին բազմաթիվ նյութեր կարող ենք գտնել mskh.am-ի կրթական պարտեզ բաժնում։Բաժնի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն դրախտային այգու արքետիպի արդիական դրսևորման կատարյալ օրինակ է։ Որպես նվիրագործյալ հերոս հանդես է գալիս կրթական համայնքի ողջ կազմը՝ յուրաքանչյուր անդամով․ դպրոցների տնօրեններ՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ, մասնախմբերի ղեկավարներ, մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողական համայնք, որոնք շատ ուշադիր և զգույշ են կրթական պարտեզի էկոլոգիական միջավայրի  պահպանության և պաշտպանության, խնամքի կազմակերպման հարցերում։ 2019 թվականի հոկտեմբերին մամուլի և հասարակության հետաքրքրությունների կենտրոնում «Սեբաստացիական» ակցիաներն էին՝ ուղղված հարակից մանկապարտեզի հետ ճաղավանդակով բաժանվելուն դեմ, որը, ըստ կրթական համայնքի, խախտելու էր սովորողների ազատ տեղաշարժման իրավունքը և ստեղծելու էր մի շարք դժվարություններ կրթական պարտեզում՝ թողնելով նաև մշակութային և հոգեբանական ազդեցություններ։  Սկսվեց «Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնոթյունը, որին կայքում նվիրված է առանձին բաժին։ Կարելի է ասել, որ հարցը չհանգեց վերջնական հանգուցալուծման, իսկ «սեբաստացիներն» այդ ընթացքում մեզ հետաքրքրող «հերոսական պայքարի» մեջ էին՝ «կրթական դրախտի պաշտպանության» համար։ Նոյեմբերին «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով սկսվեցին կրթական պարտեզի մշակույթը տարածող նախաձեռնություններ՝

·   Հանրային քննարկում,

·  «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շահառուներին, հետաքրքրվողներին, լրագրողներին

·    Քողարկված դրախտ և այլն, սակայն այսքանով չէ, որ կավարտվի մեր հետազոտությունը։

Մենք խոսեցինք հայկական մշակույթում դրախտային այգու պատկերացման մասին, որտեղ առանցքում են խաղողի որթը, հնձանը և գինին՝ որպես արքայական կամ աստվածային ըմպելիք։ Վերջին 2 տարիների ընթացքում  կրթահամալիրում  նոր թափով զարգանում է «Խաղողի և գինու դպրոցը», որտեղ  սովորողների անմիջական մասնակցությամբ խմորվում է կրթահամալիրի արտադրությանը պատկանող գինին ։ Այս տարի կրթական պարտեզում տեղ գտավ լայնածավալ խաղողատունկ, որին կհաջորդի բերքահավաքից հետո գինու  ստացումը կրթական այգում աճող խաղողից։ Փաստորեն դրախտային այգու  կոսմոսում պակասող տարրը խաղողի վազն էր և «նվիրագործ հերոսները»  խաղողատունկով ու շարունակվող աշխատանքներով  ամբողջացնում են  ներդաշնակությունը։

Որպես այս հոդվածի թարմ ամփոփում, որն իր շարունակությունը կգտնի հոդվածաշարի հաջորդ շարքերում, նշենք, որ «Բանգլադեշյան պլեների» հունիսյան շրջանում Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը դարբնային տաք զարկ տվեց դրախտային այգու իր տարբերակի՝  «Սասնալանջի կամ Մհերի դռան» ստեղծմանը, իսկ թե որքա՜ն շատ են արթնացող, արդիականացող արքետիպերն այստեղ՝ «Սասնա ծռերի» կերպարներով, երգ-երաժշտության ուղեկցությամբ, տոնածիսական նախագծերով ու նախաձեռնություններով, կքննենք հաջորդիվ։

Հեղինակ՝  Հասմիկ Իսրայելյան

Հյուսիսային-Գեղարվեստի դպրոց-պարտեզ

Աղբյուրներ՝ 

mskh.am«»

[1] Юнг К., Душа и миф. Шесть архетипов, с․ 6-9․

[2] Liddell H. G., Scott R., Jones H. S., Mc Kenzie R., A Greek and English Lexicon, London, 1940.  

[3] Юнг К., Душа и миф. Шесть архетипов, с. 52.

[4] Պետրոսյան Հ․, Էթնատարածքի միջնադարյան  ընկալումները և նրա մերօրյա արձագանքները․ հայրենիքը և Թորգոմյան տունը, Երևան, 1993, էջ 14:

[5] Պետրոսյան Հ․,  Հայ միջնադարյան պատկերացումները իդեալական կենսատարածքի և կենսընթացի մասին․ աշխարհը որպես այգի, Վիեննա-Երևան, 2002,  էջ 424:

[6] ՀԺՀ, հ․ I, էջ 27-48:

[7] ՀԺՀ, հ․ X, Երևան, 1967, էջ 107-116:

[8] ՀԺՀ, հ․ VI, էջ 628-632:

[9] Հայրապետյան Թ., Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ, Երևան 2016, էջ 8:

[9] ՀԺՀ, հ․ IV, էջ 30-35:

[10] ՀԺՀ, հ․ I, էջ 51-60:

[11] ՀԺՀ, հ․VII, էջ 442-446:

Դեպի 2020-2021

IMG_20190726_153322.jpg

2020 թվականի հունիսի 11-ին կրթության կազմակերպմանն ուղղված հերթական  նախագծային —  օրակարգային հանդիպում-ամփոփումն էր <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և մանկավարժական մի շարք աշխատողների միջև։

Ներկայացան՝

Աշխատողները ներկայացրին որոշ նախագծեր, նախաձեռնություններ, որոնք գրավել էին մանկավարժության կենտրոնի և տնօրենի ուշադրությունը։ Դրանք ուղղված էին ոչ միայն արդեն իրականացված աշխատանքներին, այլ նաև ակնկալվողներին։ Որպես աշխատող՝ ինձ շատ հետաքրքրեցին Լիանա Հակոբյանի՝ Մաթեմատիկական ամսագրի զարգացմանն ուղղված նախաձեռնողականությունը, այս ընթացքում քաղաքացիական ակտիվության նկատմամբ տիար Բլեյանի ոգևորող անդրադարձը՝ այդ թվում նաև մեր նախատեսած մաթեմատիկական նախագծերի տեսքով։ Ինձ ուրախացրեց հատկապես Անժելա Բլեյանին ուղղված առաջարկը՝ կրթահամալիրյան բոլոր դպրոցներում 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների հետ պարտիզպուրակային համագործակցող միության ստեղծման վերաբերյալ։ Հուսով եմ, որ գործընկերս, ում ջանքերն ու աշխատանքը տալիս են իրենց գեղեցիկ արդյունքը Հյուսիսային դպրոցում, կհամաձայնի ընդլայնել ծաղկեցման աշխատանքները մյուս դպրոցներում ևս։ Սրտանց հաջողություն եմ ցանկանում։

Հնչեցին դիտողություններ, ակնկալիքներ, ոգևորող կարծիքներ, որոնցից անշուշտ ծնվելու են նոր ծրագրեր, գաղափարներ և դրանք իրականացնելու ճանապարհների որոնում։

Քննարկումը ծավալվեց առանցքայի մի քանի հարցերի շուրջ, որոնք առանձնացվել էին նախապես․

  1. Ի՞նչ է առանձնացնում մասնակիցը, նրա բլոգ ուսումնասիրողն ու դպրոցի ղեկավարը։
  2. <<Ինչ ուզեմ, կանեմ>>․ հանիսի 8-ից սկսված շրջանում ինչ է արել, անում մասնակիցը։
  3. Ի՞նչ է նախատեսվում անել հուլիսի 1-ից սկսվող շրջանում։

Հանդիպման ընթացքին կարող եք հետևյալ հղմամբ։

Թող 2020-2021 թթ․ ուսումնական տարին լինի բեղմնավոր, արգասավոր հեղինակային մանկավարժությամբ զբաղվողներիս համար հենց այս պահից։ Բոլոր մարտահրավերներն իրենց հետ բերում են ռեսուրսների մեծ ալիքներ․ պատրաստվենք դիմավորել դրանցից յուրաքանչյորը։ Դեպի 2020-2021։

Հասմիկ Իսրայելյան

Մի՛ փակեք երեխաների նվաճումների ուղին, մի՛ խանգարեք հրճվանք ապրել

#արդիական կրթություն
#զարգացող հասարակություն
Գաղութացումը սկսվում է ավելորդ ճաղերով շրջափակված կրթական հաստատություններից։ Ուսումնասիրելով իրավիճակը հասկանալի է, որ ոչ մի անվտանգության խնդիր չեն լուծում այս  երկաթե անդուր ու բարձր ճաղերը` կրթական հաստատությունը վերածելով բանտային միջավայրի։ Վանդակող մոտեցումը 21-րդ դարում ուղղակի անընդունելի է հատկապես` հեղափոխական արժեքներ կրող, երկրին տեր կանգնող քաղաքացիների համար։

Продолжить чтение «Մի՛ փակեք երեխաների նվաճումների ուղին, մի՛ խանգարեք հրճվանք ապրել»

Մի՛ ցանկապատեք մեզ․․․ սա հին ու նոր Հայաստանների պայքար է

73238402_806162463139670_1814556805624233984_n

#Restarttimes-ի անդրադարձը մշակութային իրադարձությանը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողները և աշխատողների կազմը նոյեմբերի 8-ին խաղաղ, կրթական ակցիայով դադարեցրին Երևանի թիվ 93 մանկապարտեզի նախագծով Հյուսիսային դպրոցի առաջ կառուցվող ցանկապատի շինարարությունը։ Նրանք դասերն անցկացրեցին բակում` ցանկապատի գծանշված հատվածում, որտեղ սկսվել էին շինարարական աշխատանքներ։

75231768_556870045069939_4122873514136961024_n«Սա շատ ավելին է, քան կարող եք պատկերացնել, սա հին ու նոր «Հայաստանների» պայքար է, ազատ ու անվտանգ պայմաններ կառուցող համայնքի խաղաղ պայքար առանց ցանկապատերի և իրավական երկրում ապրելու, արարելու համար»,- ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

 

74335092_1041502989514059_6516089717363048448_n

Ակցիային մասնակցում էր նաև արվեստագետ Վիգեն Ավետիսը. «Իհարկե, սա կարևոր մշակութային երևույթ է, մենք կանգնել ենք խորհրդային կարգերին հետևող բանտային պայմաններում իրականացվող կրթության, կաղապարված մտածողության և դրանից հետևող արվեստի ու մշակույթի վանդակված դրսևորումների և այդ ամենի դեմ պայքարող նոր Հայաստանի միջև, որը մերժել է ցանկապատերն ու ոստիկանական դպրոցը դեռ հեղափոխության ընթացքում, չէ՞ որ հեղափոխությունը եղել է և դա նաև մշակույթի համար է»,- ասաց Վիգեն Ավետիսը։ Продолжить чтение «Մի՛ ցանկապատեք մեզ․․․ սա հին ու նոր Հայաստանների պայքար է»

«Պարոն Բլեյան, իսկ ո՞ւմ եք վստահելու կրթական այս մեծ համայնքի կառավարումը»

Exif_JPEG_420«Պարոն Բլեյան, իսկ ո՞ւմ եք վստահելու Ձեր ձեռքերով ստեղծված և շենացրած կրթական այս մեծ համայնքի կառավարումը».
այս հարցը առանցք էր, որի շուրջ պտտվում էին մեր մտքերը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցից Հարավային դպրոց շուրջ 3 ժամ տևած քայլքի ընթացքում։ Զբոսանքն սկսվեց «Սեբաստիա» մարզադաշտից, որը բասկետբոլի բաց դաշտի վերածելու նախագիծը արդեն կա։ Դրա իրագործումը լինելու է կրթահամալիրի՝ անհավանական թվացող թռիչքային քայլերից, որոնք ընդամենը 30 տարվա ընթացքում գերազանցում են 30-ը։ Բնությանը ձուլվելով՝ ծնունդ առնելու իր ընթացքը կրթության տաճարը սկսել է 1989 թվականից, երբ դեռ Շահումյանի անվան թիվ 183 դպրոց էր, իսկ հետո դարձավ «Երեք Աշոտների» հայտնի դպրոցը, որը տարբերվեց հեղինակային մանկավարժության ծրագրերով, հետազոտական ընթացքով, և որի շուրջ մինչ այժմ էլ լեգենդներ են հյուսվում։ «Ո՞վ է ասել, որ առասպելները պիտի անցյալի մասին պատմեն, Продолжить чтение ««Պարոն Բլեյան, իսկ ո՞ւմ եք վստահելու կրթական այս մեծ համայնքի կառավարումը»»

Կապիտալիզմի ճգնաժամը և քաղաքական գաղափարախոսությունները

71863669_551905159051720_7370660940796133376_n«Հայաստան ներթափանցած նեոլիբերալիզմին քննադատաբար մոտենալու և այլընտրանքային լուծումներ առաջարկելու առումով՝ գիրքը ունի շատ արդիական և կարևոր բնույթ»,- ասում է Գայանե Մելքոմյանը

Սեպտեմբերի 18-ին Երևանի գերմաներենի ուսուցման կենտրոնում  տեղի ունեցավ վերջերս հանրույթի շրջանակներում բավականին հետաքրքրություն առաջացրած «Կապիտալիզմի ճգնաժամը և քաղաքական գաղափարախոսությունները» գրքի շնորհանդեսը։ Продолжить чтение «Կապիտալիզմի ճգնաժամը և քաղաքական գաղափարախոսությունները»

Կրթական գործընթացը պետք է կենսունակ լինի, պարգևի երջանկության արգասիք և չվերածվի գերեզմանի- Աշոտ Բլեյան

b6-1Այս տարի սեպտեմբերի մեկը կիրակի է։ Շատերի համար այս փաստը բավականին ոգևորիչ է․ ոմանք դեռ չեն ուզում հրաժեշտ տալ ամառային արձակուրդներին, այլոց համար դեռ անավարտ գործեր կան, շատերն էլ դեռ ուսումնական տարվա գնումներն են շարունակում։ Սակայն այս բոլորին միավորում է սեպտերմեկյան խորհուրդը, որը ուսումնական տարվա մեկնարկն է և «Գիտելիքի օր» տոնը։ Продолжить чтение «Կրթական գործընթացը պետք է կենսունակ լինի, պարգևի երջանկության արգասիք և չվերածվի գերեզմանի- Աշոտ Բլեյան»