Լավ է, եթե իսկապես ատեստավորում է

Թույլ տվեք նախ հասկանալ, թե ինչ է ատեստավորումը և ինչպիսի օրինական կարգավորում ունի դրա իրականացումը։ Ատեստավորումը (լատ․ atestatio -վկայություն) աշխատողի կամ սովորողի մասնագիտական որակավորման որոշումն է, որը նպատակ ունի ստուգել նրա համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին։ Ենթադրվում է, որ այն իրականացվում է ՀՀ հանրակրթության մասին օրենքի համապատասխան դրույթներով։ Այսուհանդերձ՝ թույլ տվեք չհամաձայնել նման դրույթներով անցկացվող թեստավորմանը տալ <<ատեստավորում>> ձևակերպումը։ Պատասխանատվություն պահանջող այնպիսի ոլորտ, որը կրթությունն է, մեծ ուշադրության ու լրջության է արժանի։ Նման նախաձեռնությունը, որն աշխատելու պետական լծակ է ստացել, ողջունել եմ հենց սկզբից, երբ դեռ միայն գաղափար էր և այժմ այն ինձ ուրախացնում է այնքանով, որ ուսուցչին հարց է ուղղում․ դու իսկապե՞ս քեզ պատրաստ ես համարում այս գործին, արդյո՞ք անկեղծ ես ինքդ քո և քեզ վստահված սերնդի առաջ։ Սա լավ է, բայց ես նույն հարցն ուղղում եմ նախարարությանն ու պետական մարմիններին․ արդյո՞ք անկեղծ եք դուք մեր և մեր ապագայի տեսլականի հանդեպ․ կա՞ այդ տեսլականը, որտե՞ղ է։

Ես ցավում եմ, որ իրականացման փուլում գաղափարի նկատմամբ իմ ունեցած ոգևորությունը կոտրվեց և որպես երիտասարդ ուսուցիչ, ով կրթվելու, զարգանալու, արդիական, մրցունակ լինելու համար ջանքեր է դնում, զգում եմ, որ այս <<ատեստավորումը>>, որը թույլ տվեք անվանել փոքրիկ թեստավորում, իր մեջ խաբկանք ունի, իսկ իրականացնողները համապատասխան լրջությամբ, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով աչքի չեն ընկնում։ Մի քանի հարց եմ ուզում ուղղել՝ նախքան այս <<տեխնիկական>> կետերին անդրադառնալը։

  1. Հարգելի՛ նախարարություն, որտե՞ղ են նշվում այն իրավական նորմերը, որոնցից բխում և որոնց համապատասխանում է այս որոշումը։
  2. Որտե՞ղ է բովանդակությունը։ Ո՞ր գիտելիքն եք ստուգում։ Ի՞նչ ընթացակարգով, մրցույթով է ընտրվել թեստի բովանդակությունն ու թեստավորման կարգը որոշող կազմը։ Կարճ ասած՝ ո՞վ, ինչի՞ հիման վրա է կազմում իմ գիտելիքներն ստուգող թեստը և հաստատում կարգ՝ անուն, ազգանուն, կենսագրություն։
  3. Որտե՞ղ է <<որոշող>> կազմի գիտահետազոտական հիմնավորումն ու կատարած աշխատանքը։ Արդյո՞ք որևէ հաջողված փորձ հաշվի է առնվել։
  4. Դուք վստահո՞ւմ եք մանկավարժ պատրաստող բուհերին, ընդունելության, ծրագրային ուսուցման այն կարգերը, որոնք առկա են։ Եթե ոչ, ինչո՞ւ հիմնավոր աշխատանք չեք իրականացնում կադրեր պատրաստող կազմակերպությունների հետ, այլ ընդունում եք որոշում, որն ուսուցչին ասում է՝ դու անիմաստ 4-6 տարի ես վատնել, քո որակավորումը հիմք չունի և դու պետք է հայտ ներկայացնես աշխատելու իրավունք ունենալու համար։
  5. Ի՞նչ հիմնավորում ունի աշխատավարձի բարձրացման այսպիսի չափը, որն, ի միջի այլոց, այնքան էլ մրցունակ թիվ չէ։ Ո՞րն է տրամաբանությունը նույն միավորների դեպքում աշխատավարձը, օրինակ, ոչ թե 300, այլ 30 տոկոսով բարձրացնելու։
  6. Դուք իսկապե՞ս վստահ եք, որ այս թեստավորման արդյունքում գրավչություն ու բարվոք պայմաններ են ավելանալու մանկավարժական աշխատողի համար այնպիսի, որ թափուր աշխատատեղերը պակասեն, ոչ թե հակառակը։

Փաստաթուղթը, որը առաջարկվել է հանրային քննարկման, իմ դիտարկմամբ, տեխնիկական ինչ-որ հարցեր է ներառում, որի քննարկումը չի տալու վերոնշյալ բովանդակային հարցերի պատասխանները։ Ակնկալում եմ ստանալ այս հարցերի պատասխանները։

Խանջյանի գործերն ու ես ընկերացանք

Գուրգեն Խանջյանի Գիր-ղուշ ստեղծագործությունն էր աչքովս ընկել դպրոցական տարիքում, որն ինձ դուր էր եկել, հետո լսեցի քննադատների միտքը, թե նրա ստեղծագործությունները ունեն համակարգային միասնություն, ինչն այն ժամանակ ինձ շատ բան չէր ասում, բայց ընդունվում էր։ Մի օր էլ Խանջյանը հաղորդման հյուր էր, որտեղ կոշտ քննադատություն հնչեցրեց <<հեղափոխությունների>> մասին, ինչն ինձ դուր չեկավ։ Ոգեշնչված Չարենցի մեծությամբ՝ երեխայական մի ընդվզում առաջացավ մեջս, և ես երկար ժամանակ չէի կարդում նրա ստեղծագործությունները։

Ուսանողական տարիներին, երբ սկսեցի կարդալ այլ ստեղծագործություններ, Խանջյանը հակասական առեղծվածներ ուներ ընթերցողիս աչքում, ինչը հետագայում ավելի ամրապնդվեց։ Մարդ, որը քաղաքակրթական նվաճում է համարում Քրիստոսին, լսում է ռոք, սիրում է ջազ, դատափետում է <<հեղափոխություն>> երևույթը, գրող, որի ստեղծագործությունները գրվել են հեղափոխական հնարքներով, խոսում են տաբուների մասին և արդիական են, միաժամանակ պահպանողականության գովերգ ունեն իրենց մեջ․․․ Այս հակասություններն էին, որ ինձ համար մտածելու լայն տարածություն էին բացում, և թերթելով նրա պատմվածքները, ես վայելում էի փիլիսոփայության համը։

Ինձ դուր է գալիս այն նրբությունն ու պարզությունը, որն առկա է Խանջյանի գրչում և հատկապես գրվածքների առանցքում կանգնած այն սովորական <<մարդը>>, որն իր մեջ կրելով վերագրվող բնականը, գերբնականը, հանճարեղը, պարզունակը, վայրենին ու մշակութայինը, ամեն-ամենը, ինչ կա և չկա աշխարհում, քայլում է ընթերցողի կողքին՝ բաց և ազատ, առանց ավելորդ կաշկանդումների։

Հետաքրքիր է, որ այդքան վերացականության, կոնտեքստային ենթաշերտերի մեջ նրա ստեղծած կերպարներն ու գաղափարները չեն ձգտում երևալ ավելին, քան կան։ Շատ սիրուն են այն քայլքն ու թռիչքները, հայացքները հեռվից և մոտիկից, քննությունները, որոնք զուրկ են թունոտ սարկազմից ու մեծամտությունից, բարձրագոչումներից ու շատ գրողների հատուկ <<մուննաթից>>։ Սա է, որ հատկապես ինձ, որպես ընթերցողի, անհամաձայնությունների հետ մեկտեղ, թույլ տվեց ընկերանալ <<գրող Խանջյանի>> հետ, բացել նրա աշխատանքներն ու կարդալ՝ առանց նախապես պլանավորման, տրամադրման, պարզապես, երբ ուզում եմ ցրվել, երբ ավարտվել է պատերազմը կամ ընթանում է, երբ սև իրականությանն ուզում եմ հեռվի լույսով նայել կամ լույսի ու գույների մեջ <<չխենթանալ>> այնքան, որ մոռանամ գիշերվա մթի մասին, երբ պետք է ընդունել, որ մեր իրականությունն ամեն ինչն է, որից հեռու <<ավելի ամեն ինչ>> կա և այդ դրսից դիտումն է թույլ տալու չսարսափել նեղության մեջ՝ նեղմիտ չմնալով։

Իսկապես՝ կարող եմ ասել, որ սիրում եմ Խանջյանի ստեղծագործությունները, որովհետև դրանք թույլ են տալիս իրենց հետ հաղորդակցվել և ընկերանալ՝ առանց սիրահարվելու ու երկրպագումների պարտադրանքի։

10 մլն. ծառ ծրագրին միացան Սեբաստացիները

Ապրիլի 25֊ը մեր պետության համար այս տարի կարևորվեց «Քաղաքացու օրվա» և «Երկրի օրվա» նշումով «1000000 ծառ» պետական ծրագրով համապետական ծառատունկի իրականացմամբ; «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համար նման գործունեությունն անընդհատ․ ծառատունկ, կանաչ տարածք, բնական միջավայրի բարեկարգում, խնամք, հոգատարություն բնության հանդեպ․․․ այնպես մշտական, այնքան շարունակական, ասես՝ ամենօրյա ծես։ Բնական է, որ համապետական ծառատունկի տոնին միանալու հնարավորությունը բաց չթողեցինք։

Խաղողի և գինու դպրոցի ղեկավար Արտակ Ռշտունին(գեղեցիկ ընտանիքի և ընկերների հետ միասին) հրավիրեց տոնական «արարողությանը»։

Կանչն ընդունոցին Լիլիթ Յախինյանն ու Սամվել Թամազյանը Ավագ դպրոցի սովորողների` Առաքել Գրիգորյանի, Սերգեյ Մինասյան, Արմեն Ստեփանյան, Ինեսա Գափոյան, Մարիամ Մնացականյան, Միլենա Մադոյան, Մարինա Ղազանչյան պատրաստակամությամբ։

Դե ուրախ տրամադրությունն էլ ո՞վ ապահովեր, եթե ոչ Նելի Փիլոյանը։

Իրադարձության լուսաբանման առաջարկն էլ անսպասելի ուրախությամբ ընդունեցինք ես` Հասմիկ Իսրայելյանը և Մարիաննա Գևորգյանը։ Գնացինք…

Ճանապարհը գեղեցիկ էր, ոգևորված, ուրախ` բարիքի ստեղծման ակնկալիքով, հրճվանքով։ Ընկեր Արտակը ներկայացրեց օրակարգը, ծրագիրը։ Տաք, արևոտ եղանակ, հետաքրքիր պատմություններ, կանգառ սառն աղբյուրի մոտ և շուտով Բյուրականում ենք։


Արագածոտնի մարզի անտառապետ ընկեր Մարատը մեզ դիմավորեց և տրամադրեց կաղնու, խնձորենու տնկիները։ Բյուրականում տնկվելու էր 10000000 ծառից 30000֊ը։ Սեբաստացիներն անցան գործի։

Նելի Փիլոյանն իր կախարդական կիթառով այնպիսի ուրախություն փոխանցեց, որ տնկիների խրձերն աննկատ մաշվեցին մեր ձեռքում. երգ ու պարով, հույս֊ուրախությամբ լցրեցին դաշտը։

Շուտով աշխատանքին միացան հարյուրավոր մարդիկ ՀՀԱԻՆ աշխատակիցներ, բնակիչներ, կազմակերպությունների անդամներ; Ընկեր Արտակին առաջարկեցի փոքրիկ շրջագայություն անել; Մեզանից քիչ հեռու աշխատող խմբերի այցելեցինք, մի քիչ զրույցի ու ծանոթության մեջ ի՞նչ վատ բան կա, եթե ոչ միայն լավը; Արի ու տես, որ բնակիչները այնքան էլ չոգևորվեցին մեր զրույցի հրավերից, փոխարենը մեր թափառումը համագործակցության լավ հնարավորությքւն ընձեռեց. ծանոթացանք «Մերգելյան գործարանի» աշխատակիցների հետ։ Զրուցեցինք, պատմեցինք, լսեցինք, առաջարկեցինք և համաձայնեցինք շուտով հյուրընկալվել Մերգելյան գործրանում` նախագծային խմբով և հյուրընկալել գործարանի սովորողներին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ինչ խոսք. բեղմնավոր շրջագայություն ստացվեց։

Դե ինչ։ Աշխատանքն ավարտեցինք։ Իսկ ի՞նչ էր մնում, եթե ոչ աշխատող մարդկանց արդար քաղցը բավարարելը, լուսանկարվելը` բնության վայելքով, Սամվելի պատմություններով, Լիլիթի կատակով, Նելի Փիլոյանի կախարդական գործիքով։

Կենացներն ինչքան շատանում, այնքան քաղցրանում են, մենք որոշեցինք կիսաքաղցր թողնել` հաջորդ տոնական ծառատունկով հանդիպման համար։ Մի ծառատունկ էլ Բյուրականում ու տպավորիչ վերադարձ դեպի Երևան։ Այսքան կենսատու տոները թող շատանան, շատանան, մինչև ամբողջ Հայաստանը դրանք դարձնի առօրեական։ Երևի կհանդիպենք հաջորդ ծառատունկին։

Դրախտային այգու արքետիպ․ արդի դրսևորումներ Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրում-Սասնալանջ

Արքետիպերի ուսումնասիրությունն ու մանկավարժական գործունեությունս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախախնամությամբ, թե երջանիկ պատահականությամբ համընկան՝ ստեղծելով մեծ հետազոտությունների կիրառական հնարավորություն։

Սույն հոդվածը ներկայացնում է հոգեբան, մարդաբան Կարլ Գուստավ Յունգի (1875-1961) «Արքետիպերի տեսության» արդիական դրսևորումներից մեկը`  «Դրախտային այգու» արքետիպը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կրթական պարտեզ֊ բաց միջավայրում` Սասնալանջում։

Յունգն առաջինն էր, ով նախաձեռնեց անգիտակցականի ոչ միայն կենսաբանական հիմքերի ուսումնասիրությունը, այլ նաև էթնիկական առաձնահատկությունները: Ըստ նրա` մարդը ծնված օրից իր վրա է կրում ամբողջ մարդկության, ինչպես նաև իր ժողովրդի փորձը: Հենց այս երևույթն էլ Յունգն անվանում է կոլեկտիվ անգիտակցական:[1] Նա գտնում էր, որ, ճիշտ է, մարդիկ իրար նման են համամարդկային առանձնահատկություններով, սակայն միևնույն ժամանակ տարբերվում են ազգային որակներով:

Արքետիպերը(լատ, հուն. սկիզբ, ծագում, τύπος` մոդել, տիպ բառերից)[2]  տարբեր ազգերի մոտ գոյություն ունեցող (շատ դեպքերում իրար բավականին նման) մոր, հոր, առասպելաբանական հերոսների, չարի, բարու և տարբեր տարերքներ մարմնավորող ընդհանուր ձևերի մասին մտավոր պատկերացումներն են, նախնիներից մեզ հասած  հիշողության մշակութային «հետքերը»։ Այս է պատճառը, որ գիտնականները արքետիպեր են որոնում առասպելներում, լեգենդներում, հեքիաթներում, արխաիկ պատկերացումներում, քանի որ դրանք, լինելով հնագույն տեքստեր, պարունակում են ներկայի նախկին տիպերը, ինչպես օրինակ բարձրանալու նպատակով մարդիկ հնուց օգտագործել են պարաններ, իսկ այժմ դրանք վերածվել են վերելակների, հեքիաթներում թռչել են առասպելական թռչունների մեջքին նստած, իսկ զարգացած քաղաքակրթության մեջ ունենք ինքնաթիռներ։

Արքետիպերը տարբեր են, չունեն որոշակի քանակ։ Հայկական մշակույթում դրանց թվին են պատկանում Մեծ մոր, Հոր կամ Տիրոջ, Աստվածամանուկի, Հերոսի,  Տիեզերական ծառի, Դրախտային այգու կամ Ոսկե ժամանակների   արքետիպերը։

Դրախտային այգին իր կիրառությունն է գտնում տարբեր ժամանակաշրջանների քաղաքականությունների և ռազմավարությունների կազմակերպման գործում։ Ժամանակային իմաստով այս արքետիպը դրախտային, ոսկի ժամանակներ է ցուցում՝ ոսկեդար, իսկ տարածական իմաստով՝ դրախտի պարտեզ(paradise): Դրախտային ժամանակը, այս արքետիպի ենթատեքստում, չունի ներկա՝ իդեալական է եղել կամ ինչ-որ ժամանակ առաջ, կամ լինելու է ապագայում և այդ իդեալական ժամանակին հասնելու համար պետք է կառուցել, աշխատել, ինչ-որ հարցերում զոհաբերությունների գնալ։ [1]

Դրախտային այգին խորհրդանշվում է լուսաբացով, պայծառ արևով, ծառերով, գետերով, բերրիությամբ։ Այն խորհրդանշում է նաև տիեզերական ներդաշնակություն և այդ ներդաշնակությունն ունի պահապաններ, հերոսներ, որոնք պաշտպանում են այգին քաոս(խառնաշփոթ) առաջացնող ուժերից։  Քննելով հայ միջնադարյան պատկերացումները իդեալական աշխարհի մասին՝ Հ. Պետրոսյանը գրում է. «Իդեալական հայրենիքը ներկայանում է որպես կանոնակարգված միկրոտիեզերք, որպես այգի, որի հիմնական ծառը խաղողի որթն է, հիմնական կառույցը՝ հնձանահարկը, հիմնական արդյունքը՝ գինին։ Իր հողակտորը այգի է պատկերացնում մասնավոր հողագործը, իր գավառը այգի է պատկերացնում նախարարը, իր երկիրը այգի է պատկերացնում թագավորը։ Այգու իդեալական վիճակն այն է, երբ թագավորը(տերը՝ տիրություն անողի, խնամողի իմաստով) բազմում է իր որթի տակ և հետևում կանոնակարգված աշխատանքներին։[2] «Այս թեման իր լիարժեք արտահայտությունն է գտել հայկական պատկերագրության մեջ այգեգաործական կենտրոններից մեկի Միջնադարյան հուշարձանում՝ Ազթամարի Սուրբ Խաչ տաճարի «որթագալարի գոտու» մեջ»։[3] 

Հայկական հեքիաթներում նվիրագործյալ հերոսը պաշտպանում է դրախտային այգին, նա պայքարում է դրախտային ժամանակը վերադարձնելու համար, հաճախ դրա համար պետք է լինում գտնել անհրաժեշտ բացակայող տարրերը և բերել այգի։  Այդպիսի խորհրդանշական տարրեր են   Հազարան բլբուլը, Արքայական խնձորը(խաղողի որթը) և այլն։ Այդպիսի հեքիաթներ են «Հազարան Բլբուլ կամ Ալո -Դինոյի նաղլը»[4], «Քաչլիկը»[5],  «Թագավորին վեպը»[6], «Ավճի շաբուրի տղեն»[7],  «Ղուշ Փարին»[8]։

Դրախտային այգու արքետիպի առանցքում նվիրագործյալ հերոսի որոնումներն ու գործողություններն են հանուն միկրոտիեզերքի խախտված հավասարակշռության վերականգնման կամ պահպանման, և այստեղ է, որ հերոսը հաճախ կրում է մշակութաստեղծ տիտղոսը։[9]

Կրթահամալիրը հայտնի է իր շինարարական ընթացքով՝ մշտական և շարունակական, որը կարելի է ուսումնասիրել կայքի տարբեր բաժիններում։ Հեղինակային մանկավարժության առանձնահատկություններից մեկը, ըստ կրթական համայնքի անդամների, բաց, ազատ, կանաչապատ միջավայրում կազմակերպվող ուսումնական պրոցեսներն են։ Այս մասին բազմաթիվ նյութեր կարող ենք գտնել mskh.am-ի կրթական պարտեզ բաժնում։Բաժնի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն դրախտային այգու արքետիպի արդիական դրսևորման կատարյալ օրինակ է։ Որպես նվիրագործյալ հերոս հանդես է գալիս կրթական համայնքի ողջ կազմը՝ յուրաքանչյուր անդամով․ դպրոցների տնօրեններ՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ, մասնախմբերի ղեկավարներ, մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողական համայնք, որոնք շատ ուշադիր և զգույշ են կրթական պարտեզի էկոլոգիական միջավայրի  պահպանության և պաշտպանության, խնամքի կազմակերպման հարցերում։ 2019 թվականի հոկտեմբերին մամուլի և հասարակության հետաքրքրությունների կենտրոնում «Սեբաստացիական» ակցիաներն էին՝ ուղղված հարակից մանկապարտեզի հետ ճաղավանդակով բաժանվելուն դեմ, որը, ըստ կրթական համայնքի, խախտելու էր սովորողների ազատ տեղաշարժման իրավունքը և ստեղծելու էր մի շարք դժվարություններ կրթական պարտեզում՝ թողնելով նաև մշակութային և հոգեբանական ազդեցություններ։  Սկսվեց «Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնոթյունը, որին կայքում նվիրված է առանձին բաժին։ Կարելի է ասել, որ հարցը չհանգեց վերջնական հանգուցալուծման, իսկ «սեբաստացիներն» այդ ընթացքում մեզ հետաքրքրող «հերոսական պայքարի» մեջ էին՝ «կրթական դրախտի պաշտպանության» համար։ Նոյեմբերին «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով սկսվեցին կրթական պարտեզի մշակույթը տարածող նախաձեռնություններ՝

·   Հանրային քննարկում,

·  «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շահառուներին, հետաքրքրվողներին, լրագրողներին

·    Քողարկված դրախտ և այլն, սակայն այսքանով չէ, որ կավարտվի մեր հետազոտությունը։

Մենք խոսեցինք հայկական մշակույթում դրախտային այգու պատկերացման մասին, որտեղ առանցքում են խաղողի որթը, հնձանը և գինին՝ որպես արքայական կամ աստվածային ըմպելիք։ Վերջին 2 տարիների ընթացքում  կրթահամալիրում  նոր թափով զարգանում է «Խաղողի և գինու դպրոցը», որտեղ  սովորողների անմիջական մասնակցությամբ խմորվում է կրթահամալիրի արտադրությանը պատկանող գինին ։ Այս տարի կրթական պարտեզում տեղ գտավ լայնածավալ խաղողատունկ, որին կհաջորդի բերքահավաքից հետո գինու  ստացումը կրթական այգում աճող խաղողից։ Փաստորեն դրախտային այգու  կոսմոսում պակասող տարրը խաղողի վազն էր և «նվիրագործ հերոսները»  խաղողատունկով ու շարունակվող աշխատանքներով  ամբողջացնում են  ներդաշնակությունը։

Որպես այս հոդվածի թարմ ամփոփում, որն իր շարունակությունը կգտնի հոդվածաշարի հաջորդ շարքերում, նշենք, որ «Բանգլադեշյան պլեների» հունիսյան շրջանում Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը դարբնային տաք զարկ տվեց դրախտային այգու իր տարբերակի՝  «Սասնալանջի կամ Մհերի դռան» ստեղծմանը, իսկ թե որքա՜ն շատ են արթնացող, արդիականացող արքետիպերն այստեղ՝ «Սասնա ծռերի» կերպարներով, երգ-երաժշտության ուղեկցությամբ, տոնածիսական նախագծերով ու նախաձեռնություններով, կքննենք հաջորդիվ։

Հեղինակ՝  Հասմիկ Իսրայելյան

Հյուսիսային-Գեղարվեստի դպրոց-պարտեզ

Աղբյուրներ՝ 

mskh.am«»

[1] Юнг К., Душа и миф. Шесть архетипов, с․ 6-9․

[2] Liddell H. G., Scott R., Jones H. S., Mc Kenzie R., A Greek and English Lexicon, London, 1940.  

[3] Юнг К., Душа и миф. Шесть архетипов, с. 52.

[4] Պետրոսյան Հ․, Էթնատարածքի միջնադարյան  ընկալումները և նրա մերօրյա արձագանքները․ հայրենիքը և Թորգոմյան տունը, Երևան, 1993, էջ 14:

[5] Պետրոսյան Հ․,  Հայ միջնադարյան պատկերացումները իդեալական կենսատարածքի և կենսընթացի մասին․ աշխարհը որպես այգի, Վիեննա-Երևան, 2002,  էջ 424:

[6] ՀԺՀ, հ․ I, էջ 27-48:

[7] ՀԺՀ, հ․ X, Երևան, 1967, էջ 107-116:

[8] ՀԺՀ, հ․ VI, էջ 628-632:

[9] Հայրապետյան Թ., Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ, Երևան 2016, էջ 8:

[9] ՀԺՀ, հ․ IV, էջ 30-35:

[10] ՀԺՀ, հ․ I, էջ 51-60:

[11] ՀԺՀ, հ․VII, էջ 442-446:

«Մեծ դիդակտիկա» Յան Ամոս Կոմենսկի (թարգմանություն)

3_28Տեսության ընդհանուր սկզբունքն է՝ սովորեցնել ամեն ինչ ամենին կամ քրիստոնեական պետության բոլոր
համայնքներում, քաղաքներում ու գյուղերում, ճիշտ ու մանրակրկտորեն մտածված միջոցներով, այնպիսի
դպրոցներ ստեղծել, որտեղ այս կամ այն սեռի բոլոր երիտասարդները, առանց որևէ բացառության, կարող
են ուսումնասիրել գիտություններ, բարելավել իրավագիտակցությունը, իրականացնել
բարեգործություններ և դրանով իսկ երիտասարդ տարիներին սովորել այն ամենը, ինչ անհրաժեշտ է
ամբողջ կյանքի համար։ Продолжить чтение ««Մեծ դիդակտիկա» Յան Ամոս Կոմենսկի (թարգմանություն)»