#Restarttimes-ի անդրադարձը մշակութային իրադարձությանը
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողները և աշխատողների կազմը նոյեմբերի 8-ին խաղաղ, կրթական ակցիայով դադարեցրին Երևանի թիվ 93 մանկապարտեզի նախագծով Հյուսիսային դպրոցի առաջ կառուցվող ցանկապատի շինարարությունը։ Նրանք դասերն անցկացրեցին բակում` ցանկապատի գծանշված հատվածում, որտեղ սկսվել էին շինարարական աշխատանքներ։
«Սա շատ ավելին է, քան կարող եք պատկերացնել, սա հին ու նոր «Հայաստանների» պայքար է, ազատ ու անվտանգ պայմաններ կառուցող համայնքի խաղաղ պայքար առանց ցանկապատերի և իրավական երկրում ապրելու, արարելու համար»,- ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Ակցիային մասնակցում էր նաև արվեստագետ Վիգեն Ավետիսը. «Իհարկե, սա կարևոր մշակութային երևույթ է, մենք կանգնել ենք խորհրդային կարգերին հետևող բանտային պայմաններում իրականացվող կրթության, կաղապարված մտածողության և դրանից հետևող արվեստի ու մշակույթի վանդակված դրսևորումների և այդ ամենի դեմ պայքարող նոր Հայաստանի միջև, որը մերժել է ցանկապատերն ու ոստիկանական դպրոցը դեռ հեղափոխության ընթացքում, չէ՞ որ հեղափոխությունը եղել է և դա նաև մշակույթի համար է»,- ասաց Վիգեն Ավետիսը։
Ակցիայի ընթացքին հետևող ոստիկաններից մեկը ներկայացրեց շինարարության թույլտվությունը, որը, ըստ դպրոցի տնօրենի, շատ վիճելի է և այն ընդունել չի կարելի։ Նրանք ակցիան սկսել են հենց նկատել են շինարարական աշխատանքներ, ինչին էլ արձագանքել են կրթահամալիրի սովորողները` իրենց ազատ և անվտանգ տեղաշարժման իրավունքի պաշտպանության պահանջով։
«Մենք մինչև վերջ պայքարելու ենք, մեզ վիճելի փաստաթղթով պարտադրվում է չկարգավորվող երթևեկությամբ, վտանգավոր ճանապարհ, մեր առաջ ցանկապատով փակվում է մեր կառուցած հանրային ճանապարհը, որը անվտանգության երաշխիք է։ Սա այն սարալանջն է, որի ստեղծման աշխատանքներին մասնակցել են կրթահամալիրի սաները, աշխատողների կազմը և որը նվեր է հանրությանը մեր կողմից»,- ասաց կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի տնօրեն Քնարիկ Ներսիսյանը։ Նրա խոսքով` մանկապարտեզը տարածում է ապատեղեկատվություն այն մասին, թե կրթահամալիրը վնասել է մանկապարտեզի վաղուց նորոգման կարիք ունեցող հատվածը` «Մենք ունենք ապացույցներ, որ դա ապատեղեկատվություն է»։
Սովորողները ակցիան անցկացնում էին «մի ցանկապատեք մեզ» կարգախոսով, նրանք նկարում էին բնությունը, ազատությունը խորհրդանշող պատկերներ, գրվածքներ, երգում էին, կարդում, իրականացնում չափումներ։
«Մենք իրականացնում ենք ակցիան, քանի որ գիտակցում ենք դրա կարևորությունը, մենք նկարում ենք բնությունը, և ընտրել ենք Արարատը` որպես ազատության և խաղաղության խորհրդանիշ»,-ասաց կրթահամալիրի սովորող Շուշան Փաշինյանը։ Իսկ Դանիելը նկարել էր դաշտի մեջ նստած ընկերոջը` առյուծին, որը իր նման չի սիրում ճաղավանդակներ ու ցանկապատեր։
Նշենք նաև, որ մենք այդ ընթացքում հնարավորություն չունեցանք զրուցել մանկապարտեզի տնօրենի հետ, իսկ ակցիան կարող է կրկնվել ցանկացած պահի։
Հեղինակ՝ Հասմիկ Իսրայելյան